Հանձնաժողովի անդամներ
Սրբուհի Հակոբյան
ՀՀ Ազգային Ժողովի Ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի 2026 թվականի մարտի 26-ին գումարված հերթական նիստի ընթացքում Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ ընտրվեց Սրբուհի Հակոբյանը
Սրբուհի Հակոբյանը ներկայացրել է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի գործունեության իր տեսլականը, մանրամասնել այս ոլորտում իրականացվելիք առանցքային քայլերը: Ըստ նրա` տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմինը պետք է ապահովի անհրաժեշտ ճկուն և բարենպաստ կանոնակարգերի ընդունումը, աշխատի այն ուղղությամբ, որ հանրության յուրաքանչյուր անդամ նախընտրի օգտվել պետության մատուցող թվային ծառայություններից:
Սրբուհի Հակոբյանի համոզմամբ այդ ծառայությունները պետք է լինեն հարմարավետ, ժամանակը խնայող թե՛ քաղաքացիների, թե՛ պետական մարմինների: Նա նաև հավելել է, որ նորաստեղծ մարմինը հանրության համար բարենպաստ պայմաններ պետք է ստեղծի՝ ձեռք բերելու այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են թվային դարաշրջանում քաղաքացի և թվային ոլորտի աշխատող լինելու համար: Նա խոսել է թվայնացման ոլորտում հեղափոխական փոփոխություններ չիրականացնելու պատճառների մասին, կարևորել տվյալահեն եւ մարդակենտրոն ծառայությունները, արդյունավետ թվային ճարտարապետության կառուցումը, վերջին շրջանում բարենպաստ օրենսդրական միջավայրի ապահովումը: Անդրադարձ է եղել միասնական թվային ճարտարապետության ձևավորմանն ուղղված աշխատանքներին, թվայնացման համատեքստում կրթության ռազմավարական նշանակությանը:
Սրբուհի Հակոբյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
Նաիրի Ադամյան
Նաիրի Ադամյանն ընտրվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ։
Նաիրի Ադամյանը շնորհակալություն է հայտնել Կառավարությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Նրա դիտարկմամբ Հայաստանում վերջին տարիներին շատ է խոսվում թվայնացման մասին, իսկ զարգացած տնտեսություններում այս գաղափարը դադարել է լինել սոսկ տեխնիկական հարց՝ ընդգծելով, որ տվյալները, դրանց հիման վրա աշխատող թվային համակարգերը և այս ամենի անխափան աշխատանքն ապահովող կիբեռանվտանգությունն այլևս դիտարկվում են որպես ինստիտուցիոնալ ենթակառուցվածք՝ դառնալով նաև ժամանակակից տնտեսության և պետական կառավարման հիմքը:
Նաիրի Ադամյանը նշել է, որ միջազգային խոշոր բիզնեսի համար այս համակարգերի կայացվածությունն ու պաշտպանվածությունը դարձել է ներդրումային քաղաքականության կարևորագույն և որոշիչ գործոններից մեկը: «Իմ ընկալմամբ թվայնացումը ոչ թե ինքնանպատակ է, այլ միջոց. այն կառավարումը, այդ թվում՝ պետական կառավարումն ավելի արդյունավետ, կանխատեսելի, հաշվետու և, ի վերջո, ավելի մարդակենտրոն դարձնելու գործիք է»,- ասել է նա՝ շեշտելով, որ թվային ծառայությունները հաջողվում են բացառապես այն դեպքում, երբ դրանք կառուցված են մարդու իրական փորձառության տրամաբանությամբ: Նաիրի Ադամյանը, խոսելով թվային համակարգերի մասին, ընդգծել է, որ այդ համակարգերը պետք է կառուցվեն կայուն, անվտանգ և մասշտաբային տեխնոլոգիական հիմքի վրա ու զարգանան՝ ելնելով օգտատիրոջ կարիքներից ու փորձառությունից: Ըստ նրա՝ օրենսդրությունը և տեխնոլոգիական լուծումները պետք է զարգանան փոխկապակցված՝ բխելով պետական միասնական քաղաքականությունից:
Նաիրի Ադամյանն անդրադարձել է հանձնաժողովի գործունեությանն ու առաքելությանը՝ ընդգծելով թափանցիկության ապահովման կարևորությունը:
Նաիրի Ադամյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
Դավիթ Խաչատրյան
Դավիթ Խաչատրյանն ընտրվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ։
Դավիթ Խաչատրյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրել է իր տեսլականը Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: «Այս հանձնաժողովը տեխնիկական կառույց չէ, այն պետական կառավարման կարեւոր ինստիտուտ է, որը պետք է կարողանա ապահովել, որպեսզի պետական տեղեկատվական համակարգերը լինեն անվտանգ, օժտված բարձր պաշտպանողականությամբ, քաղաքացիների անձնական տվյալները լինեն պաշտպանված, պետական թվային ենթակառուցվածքները լինեն կայուն եւ վստահելի»,- նշել է նա:
Թեկնածուի խոսքով հանձնաժողովը պետք է դառնա այն ինստիտուցիոնալ հարթակը, որտեղ համադրվում են տեխնոլոգիական զարգացումը, պետական եւ կառավարման պատասխանատվությունը, հասարակության վստահության պահպանումը: «Կարեւոր է նաեւ ընդգծել, որ հանձնաժողովի գործունեությունը չի կրկնում Կառավարության կամ ոլորտային նախարարության գործառույթները: Գործադիրը մշակում է պետական քաղաքականությունը, իսկ հանձնաժողովն ապահովում է դրա իրականացումն անվտանգության, տեխնիկական ստանդարտների եւ համակարգված կարգավորման միջոցով: Այս բաժանումը շատ կարեւոր եւ անհրաժեշտ է արդյունավետ կառավարման համար: Այն ապահովում է ինչպես քաղաքական պատասխանատվությունը, այնպես էլ մասնագիտական անկախ կարգավորումը»,- ընդգծել է Դավիթ Խաչատրյանը:
Դավիթ Խաչատրյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով